Կմախքը պահարանում
Կմախքը պահարանում (անգլ.՝ Skeleton in the closet կամ Skeleton in the cupboard), անգլիական արտահայտություն, թևավոր խոսք, որը խորհրդանշում է կենսագրության (անձնական, ընտանեկան, կորպորատիվ և այլն) կոնկրետ թաքնված փաստը, որի բացահայտման պարագայում կարող է էական վնաս հասցնել անձի հեղինակությանը[1][2]։ Ելնելով կոնտեքստից՝ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես տանը թաքցված մարմին, որն այնքան է մնացել, որ պահպանվել են միայն ոսկորները։
Արտահայտության ծագումը կապված է բժշկության հետ։ Մինչև 1832 թվականը Բրիտանիայում բժիշկներին արգելվել է աշխատել մեռյալների մարմինների հետ, երբ երկրի խորհրդարանն ընդունեց Անատոմիական ակտը[2]։ Մինչ այդ միակ մարմինները, որոնք բժշկական նպատակներից ելնելով օգտագործվել են արտաշիրինման համար, եղել են գլխատված հանցագործների մարմինները։ Չնայած 18-րդ դարում Բրիտանիայում հանցագործների գլխատումը հազվադեպ հանդիպող երևույթ չէր, քիչ հավանական էր, որ կոնկրետ բժշկի տրամադրության տակ, իր աշխատանքային կեսնագրության ընթացքում, կարող էր հայտնվել մահացածի մարմին։ Այդ իսկ պատճառով բժշկի համար, որի համար մեծ պատիվ էր մահացած բանտարկյալի մարմնի մշակումը, սովորական պրակտիկա էր գիտահետազոտական նպատակներով պահել մահացածի մարմինը։ Այդուհանդերձ, հանրային կարծիքը բժիշկներին թույլ չէր տալիս կմախքներին բացահայտ պահել, այդ իսկ պատճառով բժիշկներն ստիպված էին պահել կմախքները պահարանում։ Հենց այդ պատճառով էլ շատերը կասկածում էին, որ բժիշկները իրենց մոտ մի տեղ պահում էին կմախքները և, այդ տեղերից մեկը համարվում էր պահարանը[1]։
Թևավոր խոսքն առաջին անգամ կիրառվել է Ուիլյամ Հենդրի Սթոուելի պիեսում, որն առաջին անգամ տպագրվել է 1816 թվականի նոյեմբերին բրիտանական «The Eclectic Review» ամսագրում (էջ 468)[3]։ «Կմախքը» այս դեպքում նշանակել է ինֆեկցիոն կամ ժառանգական հիվանդություն[2]։
«Cupboard» տերմինն օգտագործվում է բրիտանական անգլերենում, իսկ «closet»-ը՝ ամերիկյան անգլերենում[2]։ Թևավոր խոսքը ներկայացվել է Անգլերենի Օքսֆորդի բառարանում և Ուեբսթերի բառարանում՝ «skeleton» բառի տակ։ Քեմբրիջի ակադեմիական բառարանում (անգլ.՝ Cambridge Academic Content Dictionary) թևավոր խոսքը ներկայացված է առանձին արտահայտությամբ։ Անգլերենից այդ թևավոր խոսքն անցել է այլ լեզուներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|